Բաժնետիրական համաձայնագիր
Ժամանակակից բիզնես միջավայրում բաժնետիրական հարաբերությունների արդյունավետ կառավարումը կարևոր նախադրյալ է ընկերության կայունության և ներդրողների փոխվստահության ապահովման համար։ Չնայած բաժնետոմսերը սովորաբար տալիս են բաժնետերերին որոշակի իրավունքներ՝ բխող օրենսդրությունից և ընկերության կանոնադրությունից, գործնականում հաճախ առաջանում է անհրաժեշտություն այդ իրավունքների իրականացման կարգը ճշգրտելու՝ հատուկ պայմանագրային հիմքով։ Այսպիսի գործիքի կարևոր օրինակ է բաժնետիրական համաձայնագիրը, որը ոչ միայն ամրապնդում է բաժնետերերի փոխհարաբերությունների կանխատեսելիությունը, այլև հնարավորություն է տալիս կանխել հնարավոր բախումներն ու ապահովել ընկերության կառավարման համադրելի մոտեցում։ Այս հոդվածում կծանոթանաք բաժնետիրական համաձայնագրի էությանը, դրա կիրառման սահմաններին, ինչպես նաև խախտման հետևանքներին։
Ի՞նչ է բաժնետիրական համաձայնագիրը
Բաժնետիրական համաձայնագիրը բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման և (կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունների մասին պայմանագիր է: Բաժնետիրական համաձայնագրով կողմերը պարտավորվում են որոշակի ձևով իրականացնել բաժնետոմսերով հավաստվող իրավունքները և (կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքները կամ ձեռնպահ մնալ այդ իրավունքների իրականացումից:
Ովքե՞ր կարող են կնքել բաժնետիրական համաձայնագիր
Բաժնետիրական համաձայնագիր կարող են կնքել բաժնետիրական ընկերությունը, բաժնետերերը, ինչպես նաև այն անձինք, որոնք բաժանորդագրվում են Ընկերության բաժնետոմսերին։
Ի՞նչ կարող է նախատեսվել բաժնետիրական համաձայնագրով
Բաժնետիրական համաձայնագրով կարող է նախատեսվել բաժնետերերի ընդհանուր ժողովում համաձայնագրով սահմանված ձևով քվեարկելու, քվեարկության կարգը կամ քվեարկությունն այլ անձանց հետ համաձայնեցնելու, այլ անձանց ցուցումներով քվեարկելու, բաժնետոմսերը նախապես սահմանված գնով և (կամ) պայմանագրով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ձեռք բերելու և (կամ) օտարելու, մինչև պայմանագրով հանգամանքների ի հայտ գալը բաժնետոմսերի օտարումից ձեռնպահ մնալու, ինչպես նաև բաժնետիրական Ընկերության կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ կապված այլ համաձայնեցված գործողություններ իրականացնելու պարտավորությունը:
Ի՞նչ չի կարող սահմանվել բաժնետիրական համաձայնագրով
Ընկերության ժողովում որոշումների ընդունման համար բավարար ձայների՝ օրենքով կամ օրենքի հիման վրա կանոնադրությամբ նախատեսված քանակը չի կարող փոփոխվել բաժնետիրական համաձայնագրով։ Բացի այդ, բաժնետիրական համաձայնագրի առարկա չի կարող լինել ընկերության խորհրդի կամ գործադիր մարմնի ցուցումների համաձայն բաժնետիրական համաձայնագրի կողմերի քվեարկելու պարտավորությունը:
Ինչի՞ կարող է հանգեցնել բաժնետիրական համաձայնագրի խախտումը
Բաժնետիրական համաձայնագրի խախտումը կարող է հիմք հանդիսանալ ընկերության կառավարման մարմինների որոշումներն անվավեր ճանաչելու համար, եթե ապացուցվում է, որ ընկերության կառավարման մարմինների որոշումներն ընդունվել են ֆիդուցիար պարտականությունների խախտմամբ: Բացի այդ, բաժնետիրական համաձայնագրով կարող են նախատեսվել դրանից բխող պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև դրանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ: